Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«Անկախ նրանից, նորոգվում է, թե չի նորոգվում, անհասկանալի է սեփականաշնորհման հարցը բարձրացնելը»

«Անկախ նրանից, նորոգվում է, թե չի նորոգվում, անհասկանալի է սեփականաշնորհման հարցը բարձրացնելը»
08.11.2016 | 09:08

Մամուլի հրապարակումներից տեղեկացանք, որ Երվանդ Մանարյանի հիմնադրած «Ագուլիս» տիկնիկային թատրոնը մեկ տարուց ավելի է, չի գործում: 17-18 տարի է «Ագուլիսը» տեղակայված է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի ներքնահարկում:

Դարձյալ մամուլի հրապարակումների համաձայն` թատրոնի գեղարվեստական ղեկավար Քրիստ Մանարյանը հայտարարել է, որ առանց վերանորոգման թատրոնն այլևս դռները բացել չի կարող, և խնդրի լուծման իր տարբերակն է առաջարկել, այն է` Դեմիրճյանի տուն-թանգարանի ներքնահարկի սեփականաշնորհումը:
Մեզ հասել են դժգոհություններ նաև «Ագուլիսի» հանդիսատեսից, որոնք հետևել են ագուլիսյան ներկայացումները գովազդող հայտարարություններին, այցելել են թատրոն և հայտնվել փակ դռների առաջ: Մեզ հուզող հարցերի պատասխանը ստանալու համար զրուցեցինք ոլորտի պատասխանատուների հետ: Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք` ինչո՞ւ են ԳԱԹ-ի տնօրինության տակ գտնվող Դեմիրճյանի տուն-թանգարանի վերանորոգման աշխատանքները շրջանցել նկուղը, որտեղ գործում է «Ագուլիսը», և արդյո՞ք խնդրի լուծման ամենահարմար տարբերակը տարածքի սեփականաշնորհումն է:

«ԹԱՏՐՈՆԻՑ ԶԱՏ ԱՅԼ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՉՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾՎԻ ԱՅԴ ՏԱՐԱԾՔԸ»


-Որքան ինձ է հայտնի, այդ հարցով Քրիստ Մանարյանը նամակ է գրել վարչապետին, այնտեղից էլ գրություն-կարծիք են ուղարկել մշակույթի նախարարություն: Նախ, ասեմ, որ այո, մեր երկար դիմումների արդյունքում վերանորոգվում է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը: Խոսքը 6 մլն դրամի մասին է, որ նախարարությունը կարողացել է հատկացնել հիմնանորոգմանը: Դա հազիվ բավականացնելու է թանգարանը տեսքի բերելու ամենաանհրաժեշտ աշխատանքներին, բնականաբար, ներքնահարկին` նկուղին հասնելու մասին խոսք չի կարող լինել: Արդեն իսկ շինարարն ինձ 7-8 թերթից բաղկացած գրություն է ուղարկել, որ ծավալաթերթում ընդգրկված չեն մի շարք անհրաժեշտ աշխատանքներ, այդ թվում` նյութեր` խողովակ, շինանյութ և այլն (չգիտեմ էլ` ինչո՞ւ է ինձ դիմում և իմ միջամտությունը խնդրում, երբ պատվիրատուն մշակույթի նախարարությունն է): Պարզ է` լավ կլիներ, եթե բյուջեն բավարար լիներ, մենք նաև թանգարանին կցած ներքնահարկը կարողանայինք պատշաճ տեսքի բերել, բայց, անկախ նրանից, նորոգվում է, թե չի նորոգվում, ինձ համար գոնե անհասկանալի է սեփականաշնորհման հարցը բարձրացնելը: Ես այս մասին խոսել եմ նաև Մանարյանի հետ (նկատի ունեմ կրտսեր Մանարյանին), որ մենք երբևէ խնդիր չենք դրել` թատրոն լինի, թե չլինի: Ընդհակառակը` միշտ էլ պահպանել ենք ջերմ բարեկամական հարաբերություններ Երվանդ Մանարյանի հետ, երբեք չենք ուրացել, որ նախկինում ավերակված այդ տարածքը նորոգել է, ավելին` հարմարեցրել է տիկնիկային թատրոնին: Բոլորս էլ գիտենք, որ կարճ ժամանակում «Ագուլիս» թատրոնը սիրվեց, երեխաները հաճույքով գնում էին ներկայացումներին, այլ հարց է, որ նկուղն է հարմարեցվում թատրոնին և այնտեղ 10-12 երեխայից ավելի չեն տեղավորվում: Թատրոնն ավելի շատ հայտնի դարձավ հյուրախաղերի, փառատոներին ունեցած իր մասնակցության շնորհիվ: Հիմա ես նորից առաջարկել եմ, որ «Ագուլիսը» գործի այստեղ:
-Անհատո՞ւյց:
-Իհարկե, անհատույց, պարզապես եթե նախկինում որևէ փաստաթուղթ չի եղել, հիմա ցանկալի կլիներ, որ անժամկետ ու անհատույց օգտագործման մի պայմանագիր կնքվեր կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության հետ (ինչպես վերանորոգման դեպքում պատվիրատուն ես չեմ, այս դեպքում էլ պետական շինությունների տերը պետգույքի վարչությունն է) և ամրագրվեր, որ թատրոնից զատ այլ նպատակներով չպետք է օգտագործվի այդ տարածքը: Այդպիսով կշարունակվեր բարի ավանդույթը, որ ձևավորեց Երվանդ Մանարյանը: ՈՒղղակի շատ ցավալի է, որ տարի ու կես է` չի գործում թատրոնը:
-Չգործելու պատճառը չվերանորոգված տարա՞ծքն է:
-Թատրոնի գոյությունը հիմնավորված էր Երվանդ Մանարյանով, ըստ երևույթին, տարիքը թույլ չի տալիս բեմադրություններ անել, ամեն օր թատրոն հասնել: Գիտեմ միայն, որ երբ Երվանդ Մանարյանը առողջական խնդիրներ ունեցավ, թատրոնը դադարեց գործելուց: Բանալիները Քրիստ Մանարյանի մոտ են:
-Ի՞նչ գործառույթ ունի թատրոնում Քրիստ Մանարյանը: Մինչ այժմ կարծես «Ագուլիսի» անունը կապվում էր Երվանդ Մանարյանի հետ:
-Չգիտեմ, բայց ամեն կերպ փորձել ենք խուսափել կոնֆլիկտներից: Երբ սկսվեցին թանգարանի վերանորոգման աշխատանքները, տրամաբանությունը հուշում էր, որ մենք մեր տարածքում պետք է պահպանեինք թանգարանային առարկաները, դուռ ու պատուհանը ամրացնեինք, մինչև հիմնանորոգման աշխատանքները կավարտեին: Բայց, որպեսզի սրացում չլինի, պարզապես մի բեռնատար վարձեցինք, այդ ամենը բերեցինք մայր թանգարան, որտեղ առանց այն էլ նեղվածք է: Հաշվի առեք, որ մենք ունենք 6 նմանատիպ մասնաճյուղ` ամեն մեկն իր տարաբնույթ խնդիրներով:
-Դուք խոսեցիք պայմանագրի անհրաժեշտության մասին, նաև նշեցիք, որ թատրոնի գոյությունը պայմանավորված է Երվանդ Մանարյանով: Կարծես մտավախություն ունեք, որ տարածքը կարող է օգտագործվել ա՞յլ նպատակներով:
-Այո, միայն դրա համար եմ ուզում, որ իրավաբանական ակտ լինի: Մեզ վճար պետք չէ, նույնիսկ երբևէ չենք առաջարկել հոսանքի, ջրի չնչին գումարները վճարել, մեր արտաբյուջետային միջոցներով ենք հոգացել, մտածելով, որ մի մազաչափ ձեռք ենք մեկնում թատրոնին: Որքան էլ ես հավատում եմ ու հիմքեր չունեմ չհավատալու որևէ մեկին, եթե սեփականաշնորհվի, սեփականատերն իրավունք ունի իր ուզած ձևով տնօրինելու տարածքը: Դրա համար շատ կուզենայի այդ փաստաթուղթը լիներ, և միայն մի պարտավորություն ունենար օգտագործողը` տարածքն օգտագործեր որպես թատրոն:
-Ներքնահարկը օգտագործելու հավակնություն չի՞ կարող ունենալ հենց տուն-թանգարանը: Որքան գիտեմ, եղած փոքր սրահը միշտ չէ, որ բավականացնում է գրողի հարկի տակ անցկացվող միջոցառումներին:
-Իհարկե, ցանկալի կլիներ այնպիսի տեսքի բերել, որ մասսայական միջոցառումները կարողանայինք այնտեղ անցկացնել: Մյուս կողմից, որպես այս համալիրի տնօրեն, պետք է խոստովանեմ, որ պետության հայացքում սա մեկ միավոր է: Չորս տարվա ընթացքում և մայր թանգարանը հիմնանորոգվեց, և մեր մասնաճյուղը հանդիսացող Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանը, և նույն Բակունցի տուն-թանգարանն ու Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը վերջապես ապահովվեցին ջեռուցման համակարգերով, ամրակայվեց Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանի հնաոճ պատշգամբը: Այսինքն, միայն մեր համալիրին այսքան աջակցություն ցուցաբերվել է: Վերջապես այս համալիրում վերանորոգվում է նաև Դեմիրճյանի տուն-թանգարանը, իսկ ներքնահարկը, ցավոք, դուրս մնաց բյուջեի սղության պատճառով:

«ՔԱՆԻ ՈՐ «ԱԳՈՒԼԻՍԸ» ՎԱՂՈՒՑ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ, ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ Է, ՈՐ ՏԱՐԱԾՔԸ ԾԱՌԱՅԻ ԻՐ ԲՈՒՆ ՆՊԱՏԱԿԻՆ` ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻՆ»


«Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի նկուղը հարկավոր չէ՞ հենց տուն-թանգարանին» հարցն ուղղեցինք նաև տուն-թանգարանի վարիչ ԿԱՐԻՆԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻՆ:


-Առավել քան հարկավոր է: Մենք մեր միջոցառումներն անցկացնելիս գրեթե միշտ ենք ունենում հյուրերին տեղավորելու խնդիրը, իսկ հաճախ էլ, տեղի սղության պատճառով, այդ միջոցառումներն անցկացնում ենք այլ տարածքներում, օրինակ՝ գրականության ինստիտուտի, մեր մայր թանգարանի, սպորտի նախարարության, սլավոնական համալսարանի, մայրաքաղաքի մի շարք դպրոցների դահլիճներում, անգամ զբոսայգում: Այնինչ ունենք տարածք, որը տարիներ ի վեր տրամադրված է «Ագուլիս» տիկնիկային թատրոնին: Երբ դեռ այդ թատրոնը գործում էր, կարելի էր հասկանալ նման զոհաբերությունը, բայց վերջին մեկ-երկու տարում այդ տարածքը պարզապես մատնված է անգործության, և տրամաբանական կլիներ, որ այն վերադարձվեր տուն-թանգարանին ու դառնար մեր նախաձեռնություններն իրագործելու հարթակ: Հավատացնում եմ, որ թե՛ մեր երևակայությունը, թե՛ պատրաստակամությունը, թե՛ պրոֆեսիոնալիզմը թույլ տալիս են իրականացնել այնպիսի մշակութային ծրագրեր, որոնք ավելի հետաքրքիր ու բազմազան կդարձնեն տուն-թանգարանի գործունեությունը և ավելի բազմաշերտ հասարակություն կհավաքեն մեր թանգարանի շուրջ: Շատ հաճելի է, երբ Դեմիրճյանի ստեղծագործությունները կարդացած դպրոցականները, ուսանողները, դեմիրճյանագետները, գրողները, մշակութային լրագրողները լինում են տուն-թանգարանում, բայց որքան ավելի կընդլայնվեր մեր գործունեությամբ հետաքրքրվողների շրջանակը, եթե մենք տուն-թանգարանի նկուղում կարողանայինք կազմակերպել ժամանակավոր ցուցահանդեսներ, գրական հանդիսություններ, համերգներ, տարատեսակ քննարկումներ և այլն, և այլն: Էլ չեմ խոսում այն մասին, որ տուն-թանգարանի տարածքը բավարար չէ հենց մեր հիմնական ցուցադրության նյութը պատշաճորեն ներկայացնելու համար: Մենք՝ աշխատակիցներս, զրկված ենք նորմալ աշխատասենյակ ունենալու հնարավորությունից անգամ: Իհարկե, վերանորոգումից հետո որոշակի փոփոխություններ կլինեն, բայց դրանք հեռու են բավարար լինելուց, որովհետև այդ փոքրիկ հարկաբաժնում անհնար է լիարժեք արդյունքի հասնել: Հասկանալի է, որ այդ տարածքը բարեկարգելը ֆինանսական ներդրումներ ենթադրող խնդիր է, բայց հավատացնում եմ, որ սա այն դեպքն է, երբ ներդրումը միանգամայն արդարացված ու տեղին կլինի: Անպայման ուզում եմ ասել, որ մեծագույն համակրանքով և հարգանքով եմ վերաբերվում Երվանդ Մանարյանի անձին և գործունեությանը, և այս թեմայով որևէ խոսակցություն պարզապես չէր լինի, եթե գործեր «Ագուլիս» թատրոնը: Բայց քանի որ այն վաղուց չի գործում, տրամաբանական է, որ տարածքը ծառայի իր բուն նպատակին՝ տուն-թանգարանին:
-Ինչպե՞ս եք բացատրում այն հանգամանքը, որ թատրոնը չի գործում, բայց թատրոնի գովազդը հնչում է ռադիոյով:
-Այո՛, ինքս էլ ամիսներ առաջ լսել եմ այդ գովազդը ռադիոյով և շատ զարմացել: Բայց իմ զարմանալը դեռ ոչինչ: Ավելի անհանդուրժելին այն է, որ այդ նույն գովազդը լսում են մարդիկ, ովքեր իրենց երեխաների հետ գալիս են թատրոն, փակ են գտնում դռներն ու մեխանիկորեն բարձրանում տուն-թանգարան: Երբ մեզնից իմանում են, որ թատրոնը չի գործում, վրդովմունքի ամբողջ պաշարը թափում են մեր գլխին, բողոքում, թե ինչու է գովազդվում չգործող թատրոնը: Մեծերին մի կերպ հաջողվում է ինչ-որ բան բացատրել, բայց հիասթափություն ու ափսոսանք ապրող փոքրիկների աչքերին նայելն այնքան էլ հեշտ չէ: Այս մասին պիտի մտածեն կեղծ գովազդ տարածողները. հասկանալի է, որ գովազդն ունենում է պատվիրատու, լավ կլիներ, որ հենց նա էլ գար ու բացատրություններ տար թատրոնի փակ դռներին բախվող մարդկանց:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ.- Նշենք, որ «Իրատեսը» պատրաստ է լսելու նաև հակառակ կողմի տեսակետը բարձրացված խնդրի շուրջ:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2676

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ